23 մարտի 2016 - 22:00 AMT
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան թոշակի անցնել վաղաժամ

Կուտակային կենսաթոշակային համակարգը թույլ կտա մասնակիցներին վաղաժամ թոշակի անցնել հաշվին պահանջվող չափի գումար ունենալու դեպքում: Այդ մասին է հայտարարել ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը:

«Եթե, այսօրվա հաշվարկներով, կուտակային հաշվեհամարին լինի 19.2 մլն դրամ, մասնակիցը 55 տարեկանում կկարողանա անցնել թոշակի: Ցուցանիշը կարող է փոխվել ժամանակի ընթացքում՝ կախված մինիմալ կենսաթոշակի դրույքի հետ», - ասել է նա, գրում է Arka գործակալությունը:

Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված մասնակիցների թիվը փետրվարի վերջի դրությամբ հասնում է 140 հազարի, որից 65-70 հազարը պետական կառույցի աշխատողներ են, իսկ 70 հազարը` մասնավոր հատվածի աշխատողներ: 1974 թվականից հետո ծնված վարձու աշխատողների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 300 հազար, այսպիսով` ստացվում է, որ այս պահին ընդհանուր համակարգի շուրջ 50 տոկոսը ներգրավված է, նշել է Հակոբյանը, գրում է Panorama-ն: «216 հազար մարդ էլ ունի ոչ զրոյական հաշիվներ: Նրանք հիմնականում այն անձինք են, որոնք ամենասկզբում հատկացումներ են կատարել, բայց հետագայում դուրս են եկել համակարգից: Այսինքն` մոտ 60 հազար մարդ դուրս է եկել համակարգից, բայց նրանց հաշիվներում գումար կա և կառավարվում է»,- ասել է Հակոբյանը:

ԿԲ ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընդհանուր ակտիվները կազմում են 35.5 միլիարդ դրամ, որի 16.5 միլիարդը հատկացվել է մասնակցիների կողմից, նույնքան համաֆինասավորվել է պետության կողմից, իսկ 2.5 միլիարդի չափով ապահովվել է եկամուտ: Ֆոնդերի տարեկան եկամտաբերությունը կազմում է շուրջ 7 տոկոս: Ըստ նրա ՝ ակտիվների 66 տոկոսը ներդրված են ՀՀ դրամով, շուրջ 25 տոկոսը` ԱՄՆ դոլարով և 9 տոկոսը` եվրոյով: «Գումարները հիմնականում ներդրվել են բանկային ավանդների, բաժնետոմսերի, պետական պարտատոմսերի, կորպորացիաների կողմից թողարկված պարտատոմսերի, ինչպես նաև Apple, Google, Nestle, Toyota, Nisan, Sony, CocaCola և այլ ընկերությունների բաժնետոմսերի տեսքով, հայտնել է Հակոբյանը: