24 մարտի 2016 - 11:48 AMT
Փասադենայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Փասադենայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կոմիտեն ապրիլի 17-ին հրավիրում է համայնքին նշելու Հիշատակի զբոսայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի տեղադրման տարելիցը:

2015-ին Փասադենայում 1500 մարդ է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարորղությանը, ինչպես նաև անմեղ զոհերին նվիրված հուշակոթողի բացմանը: Կոմիտեի անդամները կոչ են անում ապրիլի 17-ին միանալ ոգեկոչման արարողությանը:

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում 2014-ի ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Փասադենայի Հիշատակի զբոսայգում տեղակայված հուշահամալիրն ավարտին հասցվեց 2015-ին:

Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդի նախագիծը: Մենարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը հետևյալում է` քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը. մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազան: