24 մարտի 2016 - 18:19 AMT
ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների թիվը գնալով նվազում է. 2015-ին 845 դեպք՝ նախորդ տարվա 1046-ի դիմաց

Մարտի 24-ը 1993-ից ամբողջ աշխարհում նշվում է իբրև տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Այդ առիթով մարտի 24-ին լրագրողներին հայտնել է ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջին 15 տարիներին տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքար է ընթանում, և շուտով կմեկնարկի ազգային ծրագրի երրորդ փուլը:

«Երրորդ ծրագիրը ոչ թե տուբերկուլոզի դեմ պարզապես պայքար է, այլ կառավարման ծրագիր է, որով ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ-ում արդեն կարողանում ենք այս հիվանդությունը կառավարել: Մեր ամբողջ աշխատանքը վերջին տարիներին իր արդյունքը տվել է, ինչը ոչ միայն մեր գնահատականն է, այլ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ում տուբերկուլոզի ծառայությունը ամբողջովին պետպատվերի շրջանակում է՝ և՛ ամբուլատոր, և՛ ստացիոնար օղակներում:

ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տվյալներով՝ 2007-ից տուբերկուլոզով հիվանդացությունն ու մահացությունը նվազում է ու արդեն 2.5 անգամ նվազում է արձանագրվել:

«Մահացության ցուցանիշը երեք անգամ նվազել է 2007-ի համեմատ: Ինչ վերաբերում է նոր դեպքերին, ապա 2015-ին առաջնակի հիվանդների թիվը կազմել է 845 դեպք, 2014-ի՝ 1046-ի փոխարեն: 2015-ին մահացությունների թիվը կազմել է 42: Ըստ մարզերի տուբերկուլոզի տարածվածությունը գրեթե հավասար է, լուրջ բարձրացումներ չունենք որևէ մարզում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ի բնակչության շուրջ կեսն ապրում է Երևանում, բնականաբար այստեղ ավելի բարձր է, այնուհետև գալիս է Շիրակը, Արմավիրը ու Կոտայքը»,- տեղեկացրել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Արմեն Հայրապետյանը:

Նա նաև նշել է, որ տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են հիվանդանում տուբերկուլոզյով, քան կանայք: