24 մարտի 2016 - 16:46 AMT
ՀՀ-ում ճառագայթային բուժման կենտրոն կստեղծվի

ՀՀ Կառավարությունը մարտի 24-ի նիստում ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին» որոշում, որը կնպաստի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության, որակի և մատչելիության բարելավմանը:

Ըստ հիմնավորման՝ ճառագայթային բուժումը հանդիսանում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված և ծախսարդյունավետ մեթոդներից մեկը և կիրառվում է ինչպես քաղցկեղի մոնո, այնպես էլ համակցված բուժման նպատակով: Ճառագայթային բուժումն ապահովում է նվազագույն ընթացիկ ծախսերի իրականացմամբ առավելագույն բուժման արդյունք և ցուցված է չարորակ նորագոյացություններով հիվանդների մինչև 50%-ին:

Ներկայում ճառագայթային բուժման ծառայություններ են մատուցվում Երևանում` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում: Սակայն, Կառավարության որոշման մեր նշվում է, որ առկա ճառագայթային բուժման սարքավորումների մեծ մասն ունի 10 և ավելի տարվա մաշվածություն, ինչը բացասական է անդրադառնում բուժման արդյունավետության վրա:

Այսպիով՝ նախատեսվում է հիմնել ճառագայթային բուժման կենտրոն, որն էապես կբարելավի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետությունը, որակը և մատչելիությունը: Ներկայում ավարտին են մոտենում ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն կառուցման շինարարական աշխատանքները, այնուհետև կենտրոնը կհագեցվի ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներով: