25 մարտի 2016 - 11:13 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի

Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը մեջբերում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից ԵԱՀԿ ՄԽ ապակառուցողական գործունեության վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անվանել է ապակառուցողական: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը»,-հարցրել է հայ լրագրողը:

Զախարովան պատասխանել է, թե անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: «Դուք պետք է ճշտեք ադրբեջանական կողմից, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: Մեր հասցեին մենք այդ հայտարարությունն ընդունել չենք կարող: Տարիներ շարունակ մենք ապացուցել ենք, որ մեր նպատակները բարեխիղճ են և անկեղծ: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվի»:

Ավելի վաղ, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ»: «Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկ,-ասել է նախարարը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է: «Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար: Մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», - ասել է Ուորլիքը:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը