ՀՀ կառավարությունը մարտի 31-ի նիստում ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում է ընդունել:
Նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել:
Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ նախագծով առաջարկում են Կառավարության պահուստային ֆոնդից 244 մլն 983.000 հատկացնել Կենտրոնին պահպանման ծախսերը հոգալու, ինչպես նաև՝ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու և տարածքը բարեկարգելու նպատակով:
«Հիշատակված գումարի մոտ 207 մլն դրամը հատկացվելու է ընթացիկ աշխատանքները և համապատասխան ապրանքներն ու սարքավորումները ձեռք բերելու նպատակով, իսկ մնացածը տրամադրել ընկերությանը՝ կենտրոնը պահպանելու նպատակով»,- ասել է նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին հավելել է, որ նախագիծը պետք է արդեն քննարկված լիներ: Ի պատասխան նախարար Մուրադյանը հստակեցրել է, որ խնդիրը քննարկվել է համապատասխան նախարարության կազմկոմիտեում և եղել են համապատասխան առաջարկներ, որոնք ներկայացվել են երեկոյան ուշ և չեն հասցրել դրանք ներառել, գրում է Armtimes.am-ը:
Աբրահամյանը հետաքրքրվել է, թե պահանջվող գումարը հատկացնելու դեպքում Կենտրոնը լիարժեք գործելո՞ւ է, որին ի պատասխան նախարարը դրական է արձագանքել:
Վարչապետը նշեց, որ այդ շտկումները կատարելու համար երկու օր ժամանակ է տրամադրում:
2013-ի հոկտեմբերին ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ՓԲԸ միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր:
«Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում եւ գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի եւ վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: