2 ապրիլի 2016 - 12:48 AMT
Զաքարյան. Բաքուն փորձում է իրավիճակը վերածել չհայտարարված պատերազմի՝ թքած ունենալով ԵԱՀԿ ՄԽ վրա

ԵԱՀԿ ՄԽ համար ժամանակն է մի կողմ դնել դիվանագիտական պարիտետները և բաց աչքերով նայել իրողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությունը պաշտոնապես պետք է արձանագրի, որ իր միջնորդական ջանքերին զուգահեռ Ադրբեջանը բացահայտ կերպով փորձում է իրավիճակը՝ պարբերաբար խախտվող հրադադարի ռեժիմից վերածել չհայտարարված պատերազմի։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ սպասում են Մինսկի խմբի կոշտ արձագանքի, որովհետև Ալիևը գտնվելով Վաշինգտոնում հայտարարում է մեկ բան, սակայն մեկ այլ բան անում է:

Դրանով Բաքուն (ամենայն հավանականությամբ Անկարայի դրդմամբ) պաշտոնապես թքած ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումների վրա։ Այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, որպես միջազգային ձևաչափն ու նրա խաղաղարար ջանքերը պաշտպանող միակ իրական երաշխիք»,- գրել է Զաքարյանը:

Նա շեշտում է. պաշտոնական բաքվի քաղաքական լկտիությունը ղարաբաղյան հարցում պետք է արժանանա համապատասխան գնահատականի:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև՝ ՊՆ. Լևոնարխ բնակավայրի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացվել

ՀՀ ՊՆ. Ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի որոշումը կարող է հանգեցնել այդ կողմի համար անկանխատեսելի հետևանքների