2 ապրիլի 2016 - 14:41 AMT
ՌԴ պաշտպանության նախարարը բանակցել է ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ, հայտնում է ՌԴ մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրացման կապակցությամբ «ապրիլի 2-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահերթ հեռախոսազրույցներ է ունեցել իր պաշտոնակիցների` ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ: «Խոսվել է հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ միջոցների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը