ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:
Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը, հայտնում է նտերֆաքսը:
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողություններն այս դեպքում տանում են դեպի հակամարտության սրում»,-ասել է Զայնետդինովը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: Մասնավորապես նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Հանրապետության պաշտպանության նախարարից ստացել ենք սպառիչ տեղեկություններ զինված բախման մասին: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել է Զայնետդինովը:
Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:
Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: