7 ապրիլի 2016 - 14:06 AMT
Լավրով. ԼՂ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում պատրաստ են

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում պատրաստ են: Այդ մասին ապրիլի 7-ին Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական ուշադրության կենտրոնում է պահում հարցը, մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք նախարարների մակարդակով: Գործնականում բոլոր պայմանավորվածությունները սեղանին են, մենք մոտ ենք համաձայնության հասնելուն»,-ասել է նա: Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռնարկել, թույլ չտալու համար բռնության բռնկումներ Լեռնային Ղարաբաղում:

Լավրովը նշել է նաև, որ ՌԴ-ն հուսով է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում կպահպանվի: «Մենք գոհունակությամբ արձանագրում ենք կրակի դադարեցման փաստը, Երևանում է գտնվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, վաղը նա կլինի Բաքվում: Մենք ձգտում էինք օգնել մեր մերձավոր բարեկամներին պայմանավորվածության հասնել, որը, հուսով ենք, կպահպանվի` հաշվի առնելով, որ կան հայտնի համաձայնությունները, որոնք ընդունվել են դեռ 1990-ականներին և որոնք առնչվում են պարտավորություններին, որոնք անժամկետ են հրադադարի պահպանման առումով»,-ասել է նա:

Լավրովը նաև ասել է, որ ՌԴ, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կապակցությամբ:

«Մենք կարծում ենք, որ իրավիճակը պահանջում է բոլորից ավելի ակտիվ անդրադառնալ նախկինում եղած պայմանավորվածություններին, մշակել շփման գծում վստահության ամրապնդման միջոցներ: Դրանք քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի կողմից: Հավանաբար, հաշվի առնելով բռնության բռնկումը, կարելի է վերադառնալ այդ թեմային»:

«Պետք է ասեմ նաև, որ վստահության ամրապնդումը հակամարտության գոտում ամենևին չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք ջանքերը քաղաքական համապարփակ կարգավորման հասնելու հարցում»,-ասել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև.Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով