10 փետրվարի 2007 - 15:10 AMT
Եվրամիությունը ճնշում է գործադրում Սերբիայի վրա Կոսովոյի հարցում
Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի եւ վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի հետ հանդիպմանը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը եւ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Մյուլեր Շտեյնմայերը առաջարկել են «դրական» վերաբերվել Կոսովոյի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի ծրագրին եւ ավելի արագ ձեւավորել նոր կառավարությունը: Ինչպես հաղորդում է AFP-ն, ԵՄ Եռյակը կոչ է արել սերբական իշխանություններին ջանքեր գործադրել խնդրի վերջնական լուծման համար եւ երաշխավորել Կոսովոյի նոր կարգավիճակը, «գրեթե 8-ամյա պատերազմից հետո»: «Չափազանց կարեւոր է, որպեսզի սերբերը կառուցողական, դրական եւ ժամանակին պատասխան տան ՄԱԿ-ի առաջարկին»,-ընդգծել է Խավյեր Սոլանան: Իր հերթին Ֆրանկ-Մյուլեր Շտեյնմայերը նկատել է, որ Եվրամիությունը հուսով է, որ «վճռականություն կցուցաբերվի Կոսովոյի համար այս դժվար հարցում: Շատ կարեւոր է, որ համաձայնագիրը կայունություն բերի Բալկաններ»:

Իր հերթին Բելգրադը եւ բոլոր սերբերը գտնում են, որ Կոսովոն սերբական ազգային պատմության, մշակույթի եւ քրիստոնեության մի մասն է: «Մեզ մի քիչ ժամանակ է պետք ձեւավորելու համար խորհրդարանը եւ նրան անհրաժեշտ լիազորություններով օժտելու համար»,-ասել է վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, Կոսովոյի անկախության ամենախիստ հակառակորդներից մեկը: Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի խոսքերով, Կոսովոյի անկախությունն «անընդունելի է», սակայն մեզ պարտավորեցնում են շարունակել բանակցությունները եւ համոզում, թե Ախտիսաարիի ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել»: