Հարավային Օսեթիայի իշխանությունները նախատեսում են մինչև 2016-ի օգոստոս հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար ցանկանո՞ւմ է արդյոք հասարակությունը, որ Հարավային Օսեթիան միանա Ռուսաստանի Դաշնությանը։
Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մեկնաբանել է ՌԴ-ին միանալու մտադրությունը. «Մենք արդեն քննարկում ենք ժամկետները։ Դեռևս չենք կարող հստակ ամսաթիվ նշել, բայց դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում՝ նախատեսում ենք օգոստոսին», ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aravot.am-ը։
Նախագահի խոսքերով՝ հանրաքվեի կդրվի Հարավային Օսեթիայի Սահմանադրության փոփոխության հարցը, որը հետագայում հնարավորություն կընձեռի դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ այդ պետությանը միանալու խնդրանքով։
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կառավարությունների հետ համաձայնությամբ այդ տարածքներում տեղակայված են ռուսական զորքեր: Սուխումում և Ցխինվալում բացվել են ՌԴ դեսպանատներ: Վրացական իշխանություններն ի պատասխան խզել են դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ:
Հարավային Օսեթիայի միջազգային իրավական կարգավիճակի հարցը վիճահարույց է: Հարավային Օսեթիայի Հանրապետության անկախությունը 2008-2011թթ. Ռուսաստանից բացի ճանաչել են ՄԱԿ անդամ ևս 4 պետություններ՝ Նիկարագուան, Նաուրուն, Վենեսուելան և Տուվալուն: