12 ապրիլի 2016 - 13:06 AMT
Լոս Անջելեսի խորհրդի անդամները ԼՂ-ում խաղաղությանն ուղղված ակցիա կանցկացնեն

Ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակավայրերի վերջին ռմբակոծումների` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ միացել են բոլոր նրանց, ովքեր դատապարտել են Բաքվի` վերջին մի քանի օրվա ընթացքում անմեղ մարդկանց կյանքեր խլած ագրեսիվ գործողությունները:

Քաղաքային խորհրդի անդամները տեղի հայ համայնքի ընկերակցությամբ ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը։

«ԱՄՆ-ի կառավարությունը պետք է օգտագործի իր ազդեցությունն ու այդ կարևոր տարածաշրջանում ապահովի կայունությունը»,- ասել է Փոլ Կրեկորյանը։

Ապրիլի 8-ին Լոս Անջելեսի հայությունը հավաքվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցով՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: