13 ապրիլի 2016 - 17:30 AMT
ԵՏՄ միջկառավարական հաջորդ նիստը կկայանա Երևանում

Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հերթական նիստն անցկացվելու է մայիսի 20-ին՝ Երևանում։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:

«Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետներըպետք է հստակեցվեն, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես, մենք պայմանավորվեցինք, որ Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգային հարցին։

Երևանում շարունակվելու է նաև երկաթուղային փոխադրումների հարցի քննարկումը»,- նիստին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը:

Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ապրիլի 12-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Երևանում չեղարկվել էր ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել երևանյան նիստին: Ռուսաստանը համաձայնել է Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին: Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվում է մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանում կամ տեղափոխվում է: