14 ապրիլի 2016 - 12:54 AMT
ԼՂՀ նախագահի խոսնակ. Ցանկացած հարձակում կկանխվի

Ապրիլի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հարավային ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկելը նորություն չէ, քանի որ «հակառակորդն այդպիսին է»: Այդ մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով այս գիշեր հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված ներթափանցման փորձին, հայտնում է Panorama.am-ը:

«Առաջին անգամ չէ, որ հակառակորդը խախտում է և շարունակելու է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Սա կարծում եմ, բոլորի համար պարզ է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք չեզոքացնել այդ բոլոր խախտումներն ու այդ բոլոր փորձերը», -հավելել է Բաբայանը: Նրա խոսքով, ներկայումս հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ պատերազմական գործողությունները չվերսկսվեն և խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն:

«Նման փորձեր, իհարկե, հակառակորդը շարունակելու է անել: Նրանց հատուկ են նման դեստրուկտիվ քայլերը, դա հակառակորդի էությունն է», -հավելել է խոսնակը:

Պաշտոնյան պնդել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, բայց մյուս կողմից էլ ընդգծել. «Նման ցանկացած փորձ կասեցվելու է, որովհետև խաղաղությունն ու կայունությունը կարևոր բաղադրամաս է և պետք է այն պահպանել: Դա չի նշանակում, թե մենք պետք է կանգնենք ու նայենք, թե ինչպես են իրենք մեզ խոցում, հարձակվում: Ցանկացած հարձակում կանխվելու է»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Ապրիլի լույս 14-ի գիշերն արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել: