14 ապրիլի 2016 - 13:02 AMT
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ՀՀ հետ հարկային նոր պայմանագիր կնքել

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին` կոչ անելով բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև նոր հարկային պայմանագիր կնքելու համար։

Ֆինանսական հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ Շերմանը տվյալ հարցով դիմել է նախարար Ջեյքոբ Լյուին` կարևորելով Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Մենք հարկային պայմանագրեր ունենք բազմաթիվ պետությունների հետ: Կայուն կերպով զգալի գումարներ ենք տրամադրում միջազգային մակարդակով մեր նպատակներին հասնելու համար ու միշտ օգնություն ենք հատկացնում Հայաստանին: Բայց մեր առջև դրված նպատակներին կարելի է հասնել նաև հարկային պայմանագիր կնքելու դեպքում»,-ասել է Շերմանը:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականի առաջարկը, որն ուղղված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև տնտեսական գործակցության ընդլայնմանն ու կապերի սերտացմանը։

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի xարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Կոնգրեսականի խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հիասթափեցնող է։ Նա հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին ու նշել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։

2015-ի նոյեմբերին էլ Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել էր, որ Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման հարցում: