15 ապրիլի 2016 - 13:55 AMT
Զոհվածների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի

ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

Առաջարկը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Կարդացեք նաև՝ Զոհված զինվորների՝ ԲՈւՀ-ում սովորող երեխաների համար արտոնություններ են նախատեսված