Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները, հայտնում է Panorama.am-ը Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջի վրա հղումով:
Սիրիայի խորհրդարանում երկու հայազգի պատգամավոր կլինի՝ Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:
Ընտրություններին մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 57,56 տոկոսը:
Սիրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրիլի 13-ին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի 250 տեղի համար պայքարում էր 3500 թեկնածու: Հալեպահայերի միասնական թեկնածուն էր Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսից ընտրություններին մասնակցել է 3 անկախ հայ թեկածու՝ Նորա Արիսյանը, Երատո Գրիգորյանը, Վահե Մահշիկյանը:
Ապրիլի 13-ի խորհրդարանակն ընտրությունները երկրորդն էին Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը: