19 ապրիլի 2016 - 12:49 AMT
Դավութօղլու. Եթե ԵՄ-ն չկատարի խոստումը, մենք կչեղարկենք պայմանավորվածությունները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը Reuters- վրա հղումով:

Նա նշել է, որ Թուրքիան աշխատում է ԵՄ առջև իր ստանձնած պարտավորությունների կատարման վրա: «ԵՄ-ն նահանջելու հնարավորություն չունի այն բանից հետո, երբ մենք այսքան հեռուն ենք գնացել»,-հայտարարել է Դավութօղլուն:

Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԵՄ-ն մտադիր է իրեն իրավունք վերապահել վերադարձնել մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի, Վրաստանի և Ուկրաինայի համար: Իսկ մինչ այդ Դավութօղլուն հայտարարել էր, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի: