21 ապրիլի 2016 - 12:55 AMT
ԱՄՆ կոնգրեսականը` Օբամային. Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին շանսն է

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է Tert.am-ը:

«Հույս ունեմ, ինչպես և Ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր հայ ժառանգներ ողջ աշխարհում, որ Օբաման կօգտագործի իր վերջին հնարավորությունը, որպես նախագահ, Ցեղասպանության մասին պարզ խոսելու համար և կասի, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության հանցագործություն է կատարել` փորձելով ջնջել հայերին Երկրի երեսից և գրեթե հասնելով իր նպատակին՝ նրանց բնաջնջման արշավը, այնուամենայնիվ, չի հաջողվել: Եվ որ ամենակարևորն է, կասի, որ չենք մոռանա և չենք լռի:

Պարո՛ն նախագահ, չկա որևէ այլ ավելի բարձր բարոյական արժեք, քան ճշմարտությունն ասելն է` Ցեղասպանության ժխտման պայմաններում: Խնդրում եմ` այս տարի միացրեք Ձեր ձայնը միլիոնավոր ձայներին, որոնք խոսում են անապատում զոհվածների` Հայոց ցեղասպանության զոհերի անունից»,-ասվում է նամակում:

«Պարո՛ն նախագահ, անկախ այն բանից, թե ինչ կասեք ապրիլի 24-ին, Թուրքիան վարվելու է նույն կերպ, ինչպես վարվել է միշտ ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ Թուրքիան միշտ հետևել է իր շահերին:

Եվրոպական մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ Ֆրանցիսկոս Պապը, ճանաչել են Ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շարունակում է սերտ համագործակցությունը, քանի որ դա բխում է իր իսկ շահերից:

Նույնը կլինի, երբ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը», - ասել է կոնգրեսականն իր ուղերձում:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: