Թուրքիայի զինված ուժերն ավելացրել են տանկերի և հաուբիցների քանակը Սիրիայի հետ սահմանին, որը սահմանի այն կողմից վերահսկվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, հայտնել է Hurriyet-ը զինվորական շրջանակներում աղբյուրի վրա հղումով:
Զրահատեխնիկան տեղակայվել է հակազդելու համար ԻՊ կողմից վերահսկվող տարածքից իրականացվող հրետակոծություններին:
Թուրք զինվորականները հաուբիցներից են գնդակոծում ահաբեկիչների դիրքերը, քանի որ չեն կարող օգտագործել ավիացիան Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքական կողմը նշել է, որ այս միջոցառումներն իրագործվում են Սիրիայի տարածքից թուրքական Կիլիսի հաճախակի դարձած հրետակոծմանը հակազդելու համար: Վերջին օրերին հրետակոծություններից զոհվել է 5 մարդ, ավելի քան 20-ը` վիրավորվել է:
Անկարան ակնկալում է, որ ավիահարվածներն ԻՊ դիրքերին կհասցնի ԱՄՆ գլխավորած կոալիացիան` «առանց թուրքական կողմից մշտական հարցումների»: Սակայն վերջին օրերին ավիացիոն գործողություններ կոալիցիան այդ շրջանում չի իրականացրել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է Թուրքիային անկախ դիտորդներ հրավիրել թուրք-սիրիական սահման, որն, ըստ ռուսական կողմի տեղեկությունների, հատում են գրոհայինները, ինչպես նաև մաքսանենգության հոսք է նկատվում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այդ մասին գրել է The Times-ը Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով:
2015-ին Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: