22 ապրիլի 2016 - 10:43 AMT
Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշապաստառ՝ Մարսելում

Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի շենքի պաշտոնական սրահում տեղի է ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 9-10 սեկտորի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պեռոն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի /CCAF-SUD/ նախագահ Սիմոն Ազիլազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Մարսելում հավատարմագրված մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի և այլազգի հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Բացմանը նշվել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային պայքարը շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, մինչև ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին օրենքի ընդունումը: Բանախոսները զուգահեռներ են անցկացրել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակումների միջև, որի ընթացքում ադրբեջանական ուժերը կանխամտածված թիրախ էին դարձրել քաղաքացիական բնակավայրերը ու խաղաղ բնակչությանը և որին զոհ դարձան այդ թվում երեխաներ ու ծերեր, գրում է Aravot.am-ը:

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բարբարոսական արարքները հիշեցնում են Թուրքիայի կողմից որդեգրված ցեղասպան ձեռագիրը, երբ հանցագործները իրենց թիրախի ընտրությունը պայմանավորում էին ազգային պատկանելությամբ:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման նմանատիպ միջոցառում էր տեղի ունեցել Բուք Բել Էր քաղաքում: Ապրիլի 15-ին ՀՀ հյուպատոսը մասնակցել էր քաղաքի քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը: