22 ապրիլի 2016 - 12:01 AMT
ANCA. Օբաման պաշտոնավարման ավարտին ևս չի արտասանի ցեղասպանություն եզրույթը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անանուն աղբյուրներն ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակին (ANCA) տեղեկացրել են, որ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին տարում չի արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը` այդպես էլ չիրագործելով իր տված խոստումը, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, տեղեկությունը ստանալուց հետո ANCA-ի գործադիր նախագահ Արամ Համբարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է Օբամայի լռությունը: «Փաստորեն, նախագահ Օբաման իր պաշտոնավարումը կավարտի այնպես, ինչպես որ սկսել էր` ենթարկվելով Թուրքիայի գործադրած ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին արդարացիորեն խոսելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը»,-նշել է Համբարյանը` հավելելով, որ Օբամայի ժխտողական կեցվածքը նպաստում է տարածաշրջանում հակահայկական ագրեսիայի ալիքի ընդլայնմանը:

«Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման ներքո Օբամայի անխոհեմ վերաբերմունքը պարարտ հող է հանդիսանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի համար հակահայկական վայրագությունների իրագործման համար: Ցավոք, նախագահ Օբամայի թողնելիք ժառանգությունն այս է` Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ լռություն, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ներգրավվածություն և ադրբեջանական ագրեսիայի խրախուսում»,- շարունակել է Արամ Համբարյանը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: