24 ապրիլի 2016 - 11:37 AMT
Երթեր Ախալքալաքում, Ախալցխայում, Լիբանանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության Ախալքալաքի շրջանային վարչությունն ապրիլի 23-ին կազմակերպել էր Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ, որին մասնակցել են շրջանի հազարավոր երիտասարդներ, Ախալքալաքի կրթամշակութային ԵԿ-ի սաներ ու մանկավարժներ, ՎՀՕՄ-ի անդամներ, շրջանի հոգևոր հայրեր, բազմաթիվ աքալքալաքցիներ:

Մասնակիցներն ունեցել են նաև բողոքի բովանդակությամբ ցուցապաստառներ: Երթի մասնակիցների կոչերի ու ելույթների պահանջն էր Վրաստանի պետությանն ու ամբողջ աշխարհին՝ ճանաչել Ցեղասպանությունը, որով կկանխարգելվի հետագա ցեղասպանություններն ամբողջ աշխարհում, տեղեկացնում է Akhaltskha.net-ը:

Ապրիլի 23-ին ջահերով երթ է կազմակերպվել նաև Ախալցխայում: Հավաքվածների թիվը անցնել է մի քանի հազարից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի բոլոր գյուղերի երիտասարդները, ինչպես նաեւ բազմաթիվ վրացի երիտասարդներ։

Երթի մասնակիցները երկու հայկական հանրապետության եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքներին բարձրացել են Մարդա թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:

Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հոգևորականնեի աղոթքից ու խոսքից հետո հանդես են ելույթներով, նաև դատապարտող ելույթներ են հնչել ահաբեկչական Ադրբեջանի հասցեին: Հավաքվածները նաև երգել են հայրենասիրական երգեր՝ փաստելով, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է և այս դժվար օրերին բոլորը կանգնած են Արցախի կողքին:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված բազմամարդ երթ է անցել նաև Լիբանանում, գրում է Yerkir.am-ը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ադվստրիան, Իտալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, Բրազիլիան և ԱՄՆ-ի 46 նահանգը: