24 ապրիլի 2016 - 11:35 AMT
Երուսաղեմում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Երուսաղեմի հայկական գլխավոր եկեղեցում` Սուրբ Հակոբյանց վանքում, ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել, հայտնում է Panorama.am-ը Jerusalem Post պարբերականի վրա հղումով:

Ինչպես նշվում է, մոտ 300 անձանց մասնակցությամբ ոգեկոչման արարողությանը նախորդել է եկեղեցական պատարագը, որը ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Պատարագին ներկա են եղել Երուսաղեմի հայկական համայնքի ղեկավարները:

Պարբերականի հետ զրույցում հիշատակի միջոցառումների կազմակերպիչ և Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Հարութ Բաղամյանն անդրադարձել է Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ նշելով. «Նրանք որոշ երկրների նման ոչ թե ժխտում են կատարվածը, այլ պարզապես չեն խոսում դրա մասին: Անցյալում եղել են որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց տեսակետները հայտնել են Ցեղասպանության մասին, և մենք մեծապես գնահատում ենք դա: Սակայն մենք ակնկալում ենք, որ կառավարությունը քաղաքականությունից առաջ հարգի արժեքները»:

Միաժամանակ, Բաղամյանն ընդգծել է, որ հասկանում են հարցի քաղաքական լինելը, սակայն այդուհանդերձ իրենք մեծ աջակցություն են տեսնում իսրայելական հասարակության կողմից և ակնկալում են, որ հրեական պետությունը պետք է լինի առաջինը, ով կճանաչի ու կխոսի խնդրի մասին՝ նկատի ունենալով թե Հայաստանն ինչ վերաբերմունք ունի Հոլոքոստի հարցում:

«Jerusalem Post»-ը հավելում է, որ այսօր Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանցկացնեն Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության դիմաց: