24 ապրիլի 2016 - 12:35 AMT
Ստամբուլում ակցիայով կոչ է արվել առերեսվել պատմությանը

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացրել՝ կոչ անելով առերեսվել պատմությանը:

Ցուցարարներն 1915-ի ապրիլի 24-ին զոհերի լուսանկարներ են բերել:

Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը, ՀԲԸՄ ներկայացուցիչներ, Եվրոպայում ռասիզմի դեմ պայքարի կազմակերպության ներկայացուցիչները, գրում է Tert.am-ը:

Փայլանն իր ելույթում ասել է «Մենք մեր նախնիների մարմիններն ենք ուզում, ուզում ենք մի տապանաքար դրվի: Մեզ կոտորողների անուններով փողոցներ են կոչվել: Այեն քաղաքում հայեր էին ապրում: Նրանց հիշատակին անգամ մի քար չի դրվել այդ քաղաքներում»:

Ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:

Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Հայերին «տեղահանություն» անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ասել է HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլոն:

Demokrathaber-ը նշում է, որ միջոցառմանը բազմաթիվ հայեր են մասնակցել:

Ապրիլի 23-ին Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է տարել հայ նահատակ պատգամավորների լուսանկարները և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: