25 ապրիլի 2016 - 13:02 AMT
Նյու Յորքի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին Նյու Յորքի Թայմս սքուերում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Շատերը կրում էին Հայաստանի դրոշներ` կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է AM New York-ը:

Շատերը կրում էին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված գրություններով շապիկներ, ոմանք կրում էին «Մի ժխտեք» կոչով պաստառներ:

«Իմ երեխաների համար կարևոր է մասնակցությունը, ուղղակի այս ամենի մաս լինելու համար: Ես մշտապես ասում են նրանց, որ նրանք ուղղակի չեն կարող մոռանալ այն, ինչ պատահել է»,-ասել է Նյու Ջերսիի նահանգի Բերգեն շրջանի 50-ամյա բնակիչ Վիոլետ Դաբաղյանը: Նա հավելել է, որ իր տատիկը Ցեղասպանությունը վերապրածներից մեկն է, նրան թույլ են տվել ապրել միայն այն պատճառով, որ նրա պապը բժիշկ է եղել և ստիպված է եղել բուժել զինվորներին:

Սենատոր Չարլզ Շումերը վրդովեցնող է համարել այն, որ Ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչված չէ: «Մենք պարտավոր էինք անել դա հանուն նրանց, ով չի կարող խոսել: Ամեն անգամ, երբ ցեղասպանություն է տեղի ունենում, մենք ասում ենք, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ դա կրկնվի: Ազատության արձանը տեղադրված է հանուն դրա և Հայոց ցեղասպանությունն այն պատմական փաստերից մեկն է, որի համար կանգնեցվել է այդ արձանը»,-ասել է Շումերը` դիմելով ցուցարարներին:

Ընթերցեք նաև. Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին