Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, Անկարայի բանակցությունները ԵՄ հետ Բրյուսելի համար միակ միջոցն է նպաստելու երկրի արդիականացմանը: Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք դեռ հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից»,-ասել է Մոգերինին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում` պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների մասին հարցին: Նա նշել է, որ բալկանյան երկրներն արդեն երկար տարիներ է բանակցում են, սակայն «դեռ հեռու են անդամակցությունից»:
«Ես վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են օգնելու Թուրքիային երկրի արդիականացման, հիմնարար իրավունքների, այդ թվում ԶԼՄ-ների և խոսքի ազատության պահպանման հարցում»,-ասել է Մոգերինին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:
2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում: