26 ապրիլի 2016 - 13:45 AMT
Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Ցեղասպանության ճանաչման որոշման նախագծին

Ուկրաինայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման նախագծին: Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոյին, հայտնում է genocide.org.ua-ն:

Նախաձեռնությանը միացել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վադիմ Նովինսկին` «Ընդդիմադիր դաշինք», Ալեքսանդր Պրեսմանը` «Վերածնունդ» կուսակցության պատգամավորական խմբի անդամ, Դավիթ Մարգարյանը` «Պյոտր Պորոշենկոյի դաշինք», ինչպես նաև Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եֆրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեյան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչենկոն «Ժողովրդական ճակատից»:

Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն ասել է. «Մենք շատ երախտապարտ ենք պատգամովրներին արդարությանը հավատարիմ լինելու համար»:

2013թ. հունիսի 6-ին Գերագույն ռադայում գրանցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը, որի նախաձեռնողներն էին պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: