28 ապրիլի 2016 - 14:09 AMT
Ամերիկացի ցեղասպանագետ. Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցում է նաև Օբաման

Ամերիկացի հայտնի ցեղասպանագետ Ֆրենկ Ջի Պերեսը, ով պատմություն է դասավանդում Սան Բենիտո ավագ դպրոցում, Mercury News պարբերականի համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդված է գրել։

«Ցեղասպանության փաստի ժխտումը բարոյապես անպատասխանատու ու վտանգավոր երևույթ է` հատկապես, երբ նման դիրքորոշումն արմատավորված է երկրի գիտակցության մեջ։ Ասվածը բնորոշ է Թուրքիային, որը 1 դարից ավելի է՝ թաղել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ու փորձում է համոզել աշխարհին, որ իր երկրի տարածքներում այդքան մարդկանց սպանություններն իրականում տեղի չեն ունեցել:

Սակայն կան անվիճելի փաստեր, որոնց հիման վրա պատմաբանները փաստել են, որ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- գրում է Պերեսը` շընթերցողին ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կարգավիճակի, կայսրության զարգացման գործում ունեցած ներդրման, ինչպես նաև իշխանությունների կողմից նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի ու բռնաճնշումների վերաբերյալ ստույգ պատմական փաստեր, գրում է Tert.am-ը:

«Ի տարբերություն Գերմանիայի` Թուրքիան երբեք չի ընդունել իր արյունոտ անցյալը։ Այն վարում է ժխտողական քաղաքականություն, որին, ցավոք, աջակցում է նաև նախագահ Օբաման»,- նշել է ցեղասպանագետը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:

Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: