Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա» և ահաբեկչական այլ կազմակերպությունների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նմանատիպ գործողությունների արդյունքում ազատագրվեց Պալմիրան, իսկ հիմա նախահարձակ գործողություններ են նախապատրաստվում Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ: «Ջեբհաթ ան Նուսրայի» նման խմբավորումների պատճառով է, որ Հալեպում և մի քանի այլ վայրերում մարտեր են ընթանում»,-ասել է նա:
Դեր Զորը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում և արդեն մի քանի ամիս է պաշարված է ԻՊ գրոհայինների կողմից: Ահաբեկիչներին հաջողվել է փակել դեպի քաղաք տանող բոլոր ճանապարհները: Ռաքքան իր հերթին արդեն մի քանի տարի է գրոհայինների հիմնական հենակետն ու «մայրաքաղաքն է» համարվում:
Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում:
Ընթերցեք նաև. Հայ սակրավորները հնարավոր է մասնակցեն Պալմիրային ականազերծմանը