ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:
Կենսաթոշակներ
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգևավճարներ.
- զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30.000 դրամ
- զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային լրացուցիչ վճարվում է 36.000 դրամ ևս,
- զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13.000 դրամ ևս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, և նա չի աշխատում,
- զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31.000-ական դրամ ևս, եթե նրանց 63 տարին լրացած է:
Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչև 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177.000 դրամ:
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ.
- սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38.000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25.000 դրամ,
- շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ:
Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ և ամենամսյա վճարները.
1-ին խումբ (սպաներ)՝ 61.000,2-րդ խումբ՝ 53.000,3-րդ խումբ՝ 26.000:
1-ին խումբ` (շարքային) 36.000,2-րդ խումբ՝ 26.000,3-րդ խումբ՝ 18.000:
Վերոնշյալ բոլոր տիպի կենսաթոշակների համար պետք է դիմել զոհված կամ հաշմանդամ զինծառայողի գրանցման վայրի զինկոմիսարիատ: Վճարող մարմինը պաշտպանության նախարարությունն է:
Միանվագ գումարներ
Ինչ վերաբերում է զոհվածզինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին հատկացվող միանվագ գումարներին, ապա կառավարության կողմից վճարվում են հետևյալ միանվագ գումարները.
Հուղարկավորության համար՝ 700.000 դրամ,
Գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման հատուցման համար՝ 1.400.000 դրամ,
Ապահովագրական գումար.
- մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 2.000.000 դրամ,
- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 1.000.000 դրամ, հաշմանդամ զինծառայողներին՝
1-ին խումբ՝ 500.000 դրամ,
2-րդ խումբ՝ 400.000 դրամ,
3-րդ խումբ՝ 300.000 դրամ,
Հիշարժան օրեր (տարեկան երեք անգամ)՝
- զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 16.000 դրամ,
- հաշմանդամ զինծառայողներ՝ 10.000 դրամ,
Ամենամսյա դրամական օժանդակություն երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին՝ 15.000 դրամ (յուրաքանչյուր զոհի համար):
Նշված միանվագ գումարների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
Նպաստներ
Զոհված զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների երեխաներին հատկացվում են նաև ամենամսյա նպաստներ՝ հետևյալ չափով՝
Զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 42.000 դրամ:
1-ին խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 15.000 դրամ,
2-րդ խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 9.000 դրամ։
Նշված նպաստների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:
ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ապրիլյան տույժ-տուգանքների վերանայման հարցով բանակցում ենք Արցախի բանկերի հետ