Թուրքիայի ռազմական օդուժն ավիահարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Հյուսիսային Իրաքում: Զոհվել է ՔԱԿ 18 զինյալ, հայտնել է Reuters գործակալությունը ռազմական աղբյուրների վրա հղումով:
Մայիսի 2-ի երեկոյան ավիահարվածներ են հասցվել Քանդիլ լեռան շրջանում, որտեղ դիրքավորված են ՔԱԿ զինյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Մարտի 14-ին հյուսիսային Իրաքում օդային գործողության արդյունքում ոչնչացվել է ՔԱԿ 45 անդամ: Մարտի 24-ին ավիահարվածներ են հասցվել քուրդ զինյալների դիրքերին Հաքուրկ, Հաֆթանին, Ավաշին և Բասյան շրջաններում: Բացահայտված 11 թիրախը ոչնչացվել է: