4 մայիսի 2016 - 12:17 AMT
Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է Ստեփանակերտի ուռուցքանբանական կենտրոնը: Այս պահին լայնածավալ աշխատանքեր են ընթանում սահմանված ժամկետներում եռհարկանի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Ուռուցքաբանական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին, հաղորդում է Երկիր Մեդիան:

2015-ին սկսված շինարարության հիմնական մասը կարելի է ասել ավարտված է: Մնացել է լուծել որոշ կազմակերպչական հարցեր, ձեռք բերել ավարտական փուլի համար նախատեսված շինանյութը:

Գործընթացն ավելի ակտիվ կկազմակերպվեր, եթե չլիներ սահմանային լարվածությունը, ասում է «Պանտ» ՍՊԸ գործադիր տնօրեն Սերգեյ Հարությունյանը:

«Խնդիրներ շինարարության հետ կապված չկան, չհաշված վերջին շրջանում սահմանին ընթացող ռազմական գործողությունները, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխատանքի տեմպի վրա: Կոլեկտիվի 30-40%-ը երիտասարդ աշխատուժը զինվորագրվել է: Չնայած դրան կկենտրոնացվեն բոլոր ուժերը, կաշխատենք օրուգիշեր, որ ժամանակացույցի համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերին կենտրոնը շահագործման հանձնվի»,- ասում է Հարությունյանը:

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի շինարարությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Շենքը կզբաղեցնի մոտ 2 հազար 520 քմ մակերես: Կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական եւ ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումից: Կենտրոնը կունենա ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի և մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRT) կաբինետներ, վիրահատարաններ և ինտենսիվ թերապիայի սենյակներ: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար: