Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա:
«Եթե պահանջվի, մենք զորքեր կգործուղենք Սիրիա: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք պաշտպանելու համար մեր երկիրը ներսից և նրա սահմաններից դուրս: ՄԱԿ-ը բազում որոշումներ է կայացրել ԻՊ դեմ պայքարելու վերաբերյալ: Ուստի, ինչպես ինքնապաշտպանության նպատակներով, այնպես էլ ահաբեկչության դեմ պայքարում այդ որոշումները հիմնավորում են մեր գործողությունների օրինականությունը»,-հայտարարել է վարչապետը Al Jazeera Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սակայն, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի իշխանությունները նախկինի պես նախապատվությունը տալիս են միջազգային պայմանավորվածություններին: Ըստ նրա, ԻՊ-ն խնդիր է, որին առնչվում են բոլորը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերն ավելացրել են տանկերի և հաուբիցների քանակը Սիրիայի հետ սահմանին, որը սահմանի այն կողմից վերահսկվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: Թուրք զինվորականները հաուբիցներից են գնդակոծում ահաբեկիչների դիրքերը, քանի որ չեն կարող օգտագործել ավիացիան Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է Թուրքիային անկախ դիտորդներ հրավիրել թուրք-սիրիական սահման, որն, ըստ ռուսական կողմի տեղեկությունների, հատում են գրոհայինները, ինչպես նաև մաքսանենգության հոսք է նկատվում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: