4 մայիսի 2016 - 20:53 AMT
Լավրով. ԼՂ հակամարտության բոլոր կողմերին բավարարող փաստաթուղթ ստեղծելը բարդ է, բայց հնարավոր է

Մոսկվան հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա գաղափարների հիման վրա փաստաթղթի ստեղծումը:

Այդ մասին է հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում:

«Երևի, կրքերը պիտի հանդարտվեն, դա հասկանալի է: Սակայն քաղաքական գործընթացն այլընտրանք չունի: Կան հանրահայտ գաղափարներ, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից: Ու ես, ինչպես և նախկինում, համոզված եմ, որ այդ գաղափարները, թեև դժվարությամբ, բայց հնարավոր է վերածել փաստաթղթի, որը բոլոր կողմերին կբավարարի», - նշել է նա:

Տվյալ պահին գլխավոր նպատակը կրակի դադարեցման ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմի մշակումն է, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնվել են միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծմանը, ԵԱՀԿ-ն էլ որոշ նախնական ծրագրեր է ներկայացրել: «Ցավոք, 2012-ին գործը դրանից այն կողմ չգնաց: Այսօր Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող, ուզում է այդ ուղղությամբ ակտիվություն ցուցաբերել, և մենք աջակցում ենք դրան», - ասել է Լավրովը:

Ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի դեմ՝ սովորական սպառազինությունից ու ստորաբաժանումներից բացի կիրառելով ուղղաթիռներ, փողային և ռեակտիվ հրետանի, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր: Մինչև ապրիլի 5-ը ընթացած ակտիվ մարտական գործողություններում հայկական կողմը հետ մղեց Ադրբեջանի հարձակումը՝ տալով 77 մարտական զոհ և 120-ից ավելի վիրավորներ: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 31 զոհի մասին (անկախ ԶԼՄ-ները հաստատել են 94 զոհի անուն, իսկ bellingcat փորձագետների համոզմամբ, Ադրբեջանի կորուստները գերազանցում են 400-ը): Մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: