6 մայիսի 2016 - 12:37 AMT
Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Կաննի փառատոնի արտամրցութային ծրագրում

Երիտասարդ հայ ռեժիսոր էվելինա Բարսեղյանի կարճամետրաժ «Բրավիստ» (Bravoman) ֆիլմը ներառվել է Կաննի 69-րդ փառատոնի Short Film Corner արտամրցութային ծրագրում: Այն միաժամանակ կներկայացնի 2 երկիր` Հայաստանն ու Ռուսաստանը:

Կարճամետրաժ դրամատիկ «Բրավիստ»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա հենց Կաննում: 2015-ին ֆիլմի սցենարն ընդգրկվել էր փիթչինգի` սցենարների շնորհանդեսի, լավագույն 5-ում: «Բրավիստ» ֆիլմը նաև ընտրվել էր Eurochannel-ի կողմից միջազգային ցուցադրության համար` ռեժիսորն ու կանալի ներկայացուցիչն արդեն ստորագրել են պայմանագիրը:

«Սա իրոք երջանկություն է հեղինակների համար, երբ ֆիլմը մեծաքանակ հանդիսատես կարող է ունենալ: Eurochannel-ն ավելի քան 25 մլն հանդիսատես ունի 25 երկրում: Մենք շատ երկար ենք աշխատել դրան հասնելու համար և նկարահանել ենք ֆիլմը հակառակ բոլոր խոչընդոտներին ու հիասթափություններին…Մենք կանգ չառանք ու ստեղծեցինք մեր կինոն: Շնորհավորում եմ ֆիլմի ամբողջ թիմին, ինչպես նաև մեր գործընկերներին»,-ասել է ֆիլմի ռեժիսոր էվելինա Բարսեղյանը PanARMENIAN.Net-ին:

«Բրավիստը» պատմություն է սիրո և ցինիզմի մասին: Ֆիլմի հերոսը` Անդրեյը, ամեն երեկո հագնում է սմոկինգը և «բրավո» է բղավում թատրոններում փողի դիմաց: Անդրեյը վստահ է` բոլորը խաբում են, մինչև որ չի հանդիպում դահլիճում ամենաանկեղծ աղջկան: Գլխավոր դերերը կատարել են Պետերբուրգից հայտնի դերասաններ Իգոր Սերգեևը («Ելք», «Օտարը») և Կարինա Ռազումովսկայա, որը վերջերս արժանացել է «Ոսկե դիմակի» երկու մրցանակի: Ռազումովսկայան նաև հայտնի է մի շարք դերերով` «Մաժոր» սերիալում, «Ոչինչ պատահական չէ» ֆիլմում:

Էվելինա Բարսեղյանի նախորդ` «Մեկը ձեզ սիրում է» (2014) և «Փայլատակողը» (2015) ֆիլմերի պրեմիերաները նույնպես տեղի են ունեցել Կաննի փառատոնում: