6 մայիսի 2016 - 17:37 AMT
Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար է կանգնեցվել

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Բեռլինում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել, հայտնում է Mirror Spectator-ը:

Գերմանա-հայկական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Սբ Յադվիգայի մայր տաճարի տարածքում տեղի է ունեցել մեծ խաչքարի բացման արարողությունը: Արարողությանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքջյանը, Գերմանիայի բողոքական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, Բունդեսթագի և Բեռլինի սենատի անդամներ, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպաններ, ԱԳՆ ներկայացուցիչ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը ելույթներով բացել են գերմանա-հայկական ընկերակցության առաջնորդ Րաֆֆի Քանթյանը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Իր խոսքում Քանթյանը նշել է, որ այդ նույն տաճարում 1919-ի մայիսի 14-ին մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին պատարագը:

Քանթյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Արթուր և Աննա Վարչապետյաններին, որոնց նվիրատվությամբ է տեղադրվել խաչքարը:

Դեսպան Սմբատյանն իր ելույթում հույս է հայտնել, որ «շատերը, հատկապես երիտասարդները, որպես հուշարձան կընկալեն Բեռլինի կենտրոնում գտնվող այս վայրը, կխորանան Հայոց ցեղասպանության պատմության մեջ և կյուրացնեն գիտելիքներ, որ մինչ օրս չեն ստացել պատմության դասերին»: