8 մայիսի 2016 - 18:15 AMT
Հովիկ Աբրահամյան. Ապրիլյան պատերազմում հաջողության գրավականը նաև Բակո Սահակյանի թիմի արդյունավետ աշխատանքն էր

ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետության փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը փաստել է իր գործողությունների իրավացիությունը:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների կարևոր գրավականը նաև ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես` նախագահ Բակո Սահակյանի ձևավորած թիմի արդյունավետ գործողություններն էին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ երկու հայկական հանրապետության անվտանգության ապահովման ու առավել հզորացման:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող՝ վիրավորվել: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող:

Երկուստեք կարևորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնումը և խորացումը: