11 մայիսի 2016 - 13:09 AMT
ԵՄ-ն կստուգի հայկական ատոմային ռումբի մասին լուրերը

Եվրահանձնաժողովը դեռ չի մեկնաբանում ապրիլի վերջում որոշ ԶԼՄ-ներում հայտնված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Երևանը միջուկային զենք ունի, հայտնում է Interfax-ը:

«Ես պետք է ստուգեմ դա: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման մասին: Դուք գիտեք, թե որն է մեր մոտեցումը, այն պարզ է»,-ասել է Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետի հայտարարությանը:

Ապրիլի 29-ին Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանն ատոմային զենք ունի: «Մենք ատոմային զենք ստեղծելու հնարավորություն ունենք»,-ասել էր նա: Հետո հավելել էր. «Մենք ատոմային զենք ունենք»:

Ավելի վաղ խորհրդարանում Բագրատյանը կոչ էր արել ատոմային զենք ստեղծել` համարելով դա ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն ապահովելու միակ միջոցը:

Ավելի ուշ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել: