11 մայիսի 2016 - 18:22 AMT
ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող. Թշնամական գործողությունների դադարեցման կողմնակից ենք

Հայաստանի ու տարածաշրջանի համար շատ կարևոր է խաղաղությունը, որպեսզի հնարավոր լինի անվտանգության մեջ հետամուտ լինել զարգացման հեռանկարներին: Այս մասին ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագություններին:

«ՄԱԿ-ի անունից կարող եմ ասել, որ ցանկանում ու խրախուսում ենք թշնամական գործողությունների դադարեցումը, որպեսզի խաղաղություն հաստատվի և հնարավոր լինի զարգացում ապահովել: Սա ոչ կառավարության, ոչ էլ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, այլ ամբողջ հասարակությունը պետք է ուժերը համախմբի, որպեսզի այդ նպատակներին տիրություն անի ու նպաստի դրանց ձևավորմանն ու իրականացմանը»,- հայտարարել է Բուզետտոն, գրում է Tert.am-ը:

Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով ներկայացրել է Ժնևում տեղակայված Փախստականների գործով գերագույն հանձնակատարի վարչության տվյալները (ՓԳՀՎ), հայտնել է, որ Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները` Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետևանքով: ՄԱԿ-ը խնդրել է, որ Երևանը և Բաքուն հնարավոր դարձնեն նրանց օգնություն ցուցաբերելը: