Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը շատ ցավագին է արձագանքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հաղթանակին Ստամբուլի «Ֆեներբախչեի» հանդեպ բասկետբոլի Եվրալիգայի եզրափակչում: Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը ներկայացնող պատգամավորն առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես ուզում եմ, որ ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցվի»,-գրել է Թայարը Twitter-ի իր միկրոբլոգում խաղից հետո, որն ավարտվել է 101:96 հաշվով ռուսների օգտին:
Ավելի ուշ նա իր սկանդալային գրառումը կատակ է անվանել: Նա ասել է, որ Ստամբուլի «Ֆեներբախչեի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հանդիպման մրցավարը կողմնակալ է եղել, ինչն ազդել է խաղի արդյունքի վրա: «Դա մեծ վրդովմունք է առաջացրել Թուրքիայում: Իմ գրառումը մթնոլորտը լիցքաթափելու փորձ էր»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պատգամավորի գրառումը բացասական արձագանք է ստացել համացանցում: Որոշ օգտատերեր բավականին կտրուկ են պատասխանել պատգամավորին, մյուսները կոչ են արել ուշադրություն դարձնել, որ Սու-24-ի խոցումից հետո Թուրքիան «կորցրեց զբոսաշրջիկներին և վնասներ է կրում»:
Թայարը հայտնի է նրանով, որ 2008-ին դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման թուրք ծայրահեղ ազգայնականներին նվիրված իր գրքում քննության մանրամասներ հանրայնացնելու համար: Դատարանը սակայն ազատազրկումը փոխարինեց պայմանական կալանքով: