1 մարտի 2007 - 14:03 AMT
Ա.Աբրահամյան. «Մենք պետք է առաջ մղենք հայոց պետության շահերը»
Առանց հայկական պետության, բոլոր հայկական կուսակցությունների եւ առաջատար հասարակական կազմակերպությունների եռանդուն, նպատակասլաց, ամենօրյա գործունեության դժվար կլինի միջազգային ասպարեզում արդյունավետ կերպով հակազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի վնասարար գործունեությանը: Այդ մասին «Ազգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայերի համաշխարհային կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Թուրքիան եւ Ադրբեջանը միջոցներ չեն խնայում վատաբանելու համար Հայաստանի կերպարը եւ արգելափակելու համար հայկական խնդիրների լուծումը, կանգ չառնելով պատմության բացահայտ խեղաթյուրման եւ հերյուրանքի առջեւ: «Վերջին տարիներին ավելանում է Հայաստանի եւ հայերի, հայկական պետության նպատակների մասին բացասական լրատվությունը, քան դա եղել է նախորդ տարիներին: Դա բացատրվում է նրանով, որ մենք բոլորս դեռեւս պառակտված ենք գործում եւ հարձակողական չենք Հայաստանի դրական իմիջի ներկայացման գործում, ջանքերը կենտրոնացնելով եվրոպական կառույցներում, Վաշինգտոնում եւ Մոսկվայում լոբբիստական գործունեության վրա»,-ընդգծել է նա:

Նա նաեւ նշել է, որ այս տարի ՀՀԿ-ն իր բաժանմունքները կբացի ԱՄՆ-ում եւ Բրյուսելում: «Համաշխարհային քաղաքականության այս երկու առանցքային կենտրոններում պետք է հուսալի կապեր հաստատել: Մենք պետք է առաջ մղենք հայոց պետության շահերը եւ իրագործենք համահայկական խնդիրներ, կապված Ցեղասպանության եւ ղարաբաղյան խնդրի լուծման հետ»,-ասել է Արա Աբրահամյանը: