16 մայիսի 2016 - 16:50 AMT
ՀՀ նախագահի առաջին հանդիպումները Վիեննայում կլինեն Մոգերինիի և Քերիի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Մայիսի 16-ին Երևանի ժամանակով 19.00-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ապա՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Ըստ տեղեկությունների, այս հանդիպումներից հետո միայն պարզ կդառնա՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ոչ, հայտնում է «Ա1+»-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: «Այժմ գլխավորը Սիրիան ու Լեռնային Ղարաբաղն են, սակայն նաև Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները»,-հայտնել է Ռյաբկովը` պատասխանելով համապատասխան հարցին:

Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

Ընթերցեք նաև. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Քերի հանդիպման մասին. Գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղն է ու Սիրիան