17 մայիսի 2016 - 13:37 AMT
ՀՀ-ում բարդ վիրահատության արդյունքում մասամբ վերականգնվել է 62-ամյա կնոջ ձայնը

Երկու ժամ տևողությամբ վիրահատության շնորհիվ մասամբ վերականգնվել է 62-ամյա Ա.Ս.-ի ձայնը, ինչպես նաև ազատ է շնչառության բնականոն ճանապարհը:

Այս վիրահատական միջամտության առանձնահատկությունն այն է, որ կոկորդի չարորակ նորագոյացությունը հիմնականում հանդիպում է ծխախոտի օգտագործումը չարաշահող 90% տղամարդկանց մոտ, իսկ այս դեպքում հիվանդը կին է և չի ծխել, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Բժիշկներին դիմելուց առաջ Ա.Ս.-ի մոտ կատարվել էր պարանոցի ՄՌՏ, կոկորդի բիոպսիա: Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր ‹‹Կոկորդի քաղցկեղ››:

Տարբեր բժշկական հաստատություններում վերջին 5-6 տարվա ընթացքում կնոջ բուժումն ամբուլատոր պայմաններում չի հանգեցրել ապաքինման:

Վիրահատությունը կատարվել է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանի կողմից, ով խոստովանում է, որ իր մասնագիտական 40-ամյա գործունեության ընթացքում նման ախտորոշմամբ առավելագույնը հինգ հիվանդ է ունեցել:

«Տարիների ընթացքում բուժման մեթոդը չի փոխվել: Հեռացվել է կնոջ ձայնալարերից մեկը, և լորձաթաղանթի առողջ մնացորդ-հյուսվածքներով մենք փորձել ենք փոխարինել ձայնալարի ֆունկցիան»,- մանրամասնել է բժիշկը:

«Կոկորդի քաղցկեղ» ախտորոշմամբ այս կենտրոնում կատարվում է տարեկան շուրջ 50 վիրահատություն: