Ազգային ժողովը մայիսի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթը:
119 պատգամավորից կողմ է քվեարկել 94-ը, դեմ՝ 18-ը, ձեռնպահ՝ 4-ը, հայտնում է Tert.am-ը:
Երկրորդ ընթերցման քննարկման փուլում առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև մայիսի 16-ին քննարկված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագիծը, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերում ավելացված նոր հոդվածները:
Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Գործադիրի որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ապրիլի 14-ին ներկայացրել է ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ անցկացվող Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափով հանդիպման արդյունքներն ու իշխանության դիրքորոշումը: