17 մայիսի 2016 - 19:36 AMT
Պուտինը քննարկել է իրավիճակը Ղարաբաղում ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Այդ մասին է հայտնել Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Քննարկման մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Վիեննայում նախօրեին կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում», - ասել է նա:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: