18 մայիսի 2016 - 12:45 AMT
Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը

Ադրբեջանը Վիեննայում կայացած նախագահների հանդիպմանը համաձայնվել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերին` շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համանախագահների հայտարարությունն, ասել է. «Էական փոփոխություններ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում լինել չեն կարող, մենք նման պարտավորություններ չենք ստանձնել», հայտնում է vesti.az-ը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

«Վիեննայի հանդիպմանը մենք համաձայնվել ենք ամրապնդել հրադադարի ռեժիմը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Ամենակարևորն է, որպեսզի առաջիկայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, որպեսզի հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,-մեջբերել է Մամեդովի խոսքը «Թրենդ» գործակալությունը: