Ջրհեղեղի և սողանքների զոհերի քանակը Շրի Լանկայում հասել է 63-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչության վրա հղումով:
Ավելի վաղ հայտարարվել էր 43 զոհի մասին:
428 հազար մարդ հայտնվել է տարերքի հարվածի տակ, գրեթե 300.000-ը տարհանվել է: Ջրհեղեղներից առավել շատ է տուժել Կոլոմբո շրջանը, որը Կելանի գետի ափին է գտնվում: Զոհերի մեծ մասը Սաբարագամուվա գավառում է գրանցվել, որտեղ սողանք է եղել: Ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում:
Մինչդեռ Շրի Լանկան արդեն օգնության առաջարկներ է ստանում միջագային հանրության կողմից: Տարերքի հարվածին դիմակայելու և հետևանքները վերացնելուն աջակցելու պատրաստակամության մասին է հայտնել ՌԴ ԱԻՆ-ը,: Հնդկաստանը հումանիտար բեռով երկու նավ է ուղարկել աղետի գոտի:
Ջրհեղեղների պատճառ դարձած արևադարձային Ռոանու ցիկլոնը շարժվում է դեպի Մյանմա:
Մայիսի 17-ի առավոտյան սողանքի հետևանքով բազում տներ են քանդվել Կեգալլե շրջանի մի քանի գյուղում: Հարյուրավոր մարդիկ են հայտնվել փլատակների տակ: Փրկարար գործողությունները շարունակվում են:
Մայիսի 19-ին նոր սողանք է արձանագրվել այն ճամբարի հարևանությամբ, որտեղ տեղակայվել էին տարհանված մարդիկ: Ըստ գործակալության, դա ամենամեծ սողանքն է եղել երկրի պատմության մեջ: