20 մայիսի 2016 - 12:22 AMT
ՀՀ-ն կմասնակցի ԵՄ հետազոտությունների և նորարարության ծրագրին

Մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն – 2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիր:

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Եվրոպական միության կողմից` ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոյդըսը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ Հայաստանի` ծրագրին միանալու շուրջ բանակցությունները Երևանի և Բրյուսելի միջև ընթանում էին վերջին երկու տարվա ընթացքում:

Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվելու է մինչև 2020-ը:

ԱԳ նախարարությունը նշում է, որ ծրագրին Հայաստանի մասնակցությունը կնպաստի Հայաստանի գիտական համայնքի հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությանը, նորարարական մոտեցումների և մեթոդների զարգացմանը, ինչը կնպաստի Հայաստանում կայուն զարգացման ծրագրերին: Միաժամանակ այս ոլորտներում սերտ գործակցությունը որակական նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: